Լանդշաֆտագիտության ուսումնասիրման մեթոդները

1. Ստացիոնար և կիսաստացիոնար մեթոդներ: Երբ երևույթը ուսումնասիրելու համար կայան են հիմնում և տարիներ շարունակ ամեն օր մի քանի անգամ դիտարկումներ են կատարում ու գրանցում տվյալները:

2. Դաշտային հանույթի մեթոդ: Սա լանդշաֆտագիտության ամենահիմնական մեթոդն է: Կազմվում է արշավախումբ, մշակում են ծրագիր և դուրս գալիս դաշտ՝ դիտարկումներ կատարելու և քարտեզագրելու:

3. Փորձագիտական մեթոդ: Բնության մեջ կան շատ երևույթներ, որ հազվադեպ են կրկնվում: Դրա համար պետք է արհեստականորեն ստեղծել այդ երևույթը և ուսումնասիրել: Օրինակ՝ սելավները:

4. Լաբորատոր մեթոդ: Դաշտում հավաքած նմուշները լաբորատորիաներում ենթարկվում են ուսումնասիրման:

5. Համեմատական մեթոդ.- Այս մեթոդը օգտագործում են անծանոթ երևույթների ճանաչման դեպքերում: Դրանով կարելի է համեմատություններ կատարել տարբեր օբյեկտների միջև և գտնել տարբերությունն ու դրանց պատճառները:

6. Քարտեզագրման մեթոդ: Քարտեզահանումը՝ տարածքի լանդշաֆտային պատկերի տեղադրումն է թղթի վրա:

7. Աէրոտիեզերական լուսանկարների վերծանման մեթոդ: Աէրոլուսանկարները սպեկտրոսկոպի տակ ցույց են տալիս ռելիեֆի ծավալը: Կան շատ օբյեկտներ, որոնք մոտիկ տարածությունից չեն երևում, մինչդեռ հեռվից շատ լավ պատկերվում են և շատ օրինաչափություններ են պարզում:

8. Նկարագրական մեթոդ: Այժմ նկարագրությունը զուտ գիտական մասնագիտական կամ էլ մարդկանց մատչելի ձևով ներկայացնելու համար է:

9. Երկրաինֆորմացիոն մեթոդ: Լանդշաֆտագետը պետք է ինֆորմացիա կուտակի և դրանից եզրակացություններ անի:

10. Գծանկարչական մեթոդ: Լանդշաֆտագիտության մեջ շատ գործածական են գրաֆիկները:

11. Վերադրման մեթոդ: Այս մեթոդի էությունը այն է, որ տարբեր ուղղություններով կատարված ուսումնասիրությունների արդյունքները համադրվում են: Սա շատ ընդունված է քարտեզագրման դեպքում:

12. Երկրաֆիզիկական մեթոդ: օր. եթե ուսումնասիրում ենք լեռնալանջերի տեղատարման պրոցեսները, պարզ նկատվում է, որ որքան լանջի թեքությունը մեծանում է, այնքան տեղատարումը զորեղանում է: Եվ դա կապված է երկրի ձգողական ուժի հետ, իսկ ձգողական ուժերը ուսումնասիրում է երկրաֆիզիկան:

13. Երկրաքիմիական մեթոդ: Լանդշաֆտային ուսումնասիրությունները պետք է պարզեն, թե ինչու կենսաբանական պրոցեսները այս կամ այն հատվածում ինտենսիվ են արտահայտված, կամ՝ հակառակը: Դրանք կապվում են այդ տարածքներում քիմիական տարրերի ավելցուկի կամ պակասորդի հետ:

14. Հնէալանդշաֆտագիտական մեթոդ: Այս մեթոդով պարզում են, թե երկրաբանական տարբեր ժամանակաշրջաններում լանդշաֆտի զարգացումը ինչ առանձնահատկություններ է ունեցել, թե ինչ ուղղությամբ է ընթանում և կանխատեսվում է ապագան:

15. Քանակական մեթոդ: Այս մեթոդը թվականորեն արտահայտում է նյութերի ևերևույթների մեծությունը, քանակը: Օր. երկարությունը, հեռավորությունը,մակերեսը, կշիռը և այլն: Քանակական տվյալները մշակելով՝ ստանում են չափողականություն չունեցող գործակիցներ, ինդեքսներ: Օր. խոնավացման գործակիցը կամ հոսքի գործակիցը:

16. Մաթեմատիկական մեթոդ: Այս մեթոդի էությունն այն է, որ բնական երևույթների հաշվարկումները կատարվում են մաթեմատիկական, հաճախ բարդ օրենքների ու բանաձևերի օգնությամբ:

17. Մոդելավորման մեթոդ: Մոդելավորումը այն պրոցեսն է, երբ արհեստական եղանակով ստեղծվում է երևույթների կամ առարկայի նմանակը` ուսումնասիրելու նպատակով:

18. Հաշվեկշռային մեթոդ: Հաշվեկշիռ նշանակում է նյութական համակարգում մուտք և ելք կատարող տարրերի փոխհարաբերություններ: Օր. Արեգակի ճառագայթային հաշվեկշիռ, ջրի խոնավության մուտքն ու ելքը և այլն:

19. Վիճակագրական մեթոդ: Սա նշանակում է երևույթների, հատկապես քանակական արտահայտությունների վերլուծություն, որը հենվում է հավանականության տեսության մեթոդների կիրառման վրա: